Հովհաննավանքում սարկավագի զգեստով խորան էր բարձրացել ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը. Yerkir.am


Հովհաննավանքում սարկավագի զգեստով խորան էր բարձրացել ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը. Yerkir.am
Նոյեմբեր 4 13:45 2025

Երեկվանից  թե՛ համացանցում, թե՛ հանրային այլ հարթակներում ակտիվ քննարկվում է, թե կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի  հետ ովքեր էին խորան բարձրացել ու «պատարագ» մատուցում, գրել է  Yerkir.am-ը։

«Տարածված լուսանկարներում, կադրերում  մեր աչքից չվրիպեց սարկավագի հագուստով քաղաքացին, և երկար ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու, որ սարկավագի զգեստով խորան էր բարձրացել մասնագիտությամբ ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը, ով մշտապես հարկային բեռից բողոքող և կառավարության դիմաց  կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։

Ամեն դեպքում Yerkir.am-ը Հովհաննեսից ակցիաների ժամանակ մի քանի անգամ հարցազրույց վերցրել է։  Իսկ թե ինչպես ստացվեց, որ մասնագիտությամբ ատամնաբույժը որոշեց հագնել սարկավագի զգեստն ու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի հետ  կեղծ «պատարագ» մատուցել, հարցրեցինք հենց իրեն՝ Հովհաննես Գևորգյանին հեռախոսազրույցի միջոցով։  Նա ասաց, որ առաջին անգամը չէ, որ եկեղեցականի զգեստ է կրում և բարձրանում խորան։  

«Ես որպես դպիր կամ սարկավագ ձեռնադրված չեմ, բայց քանի որ դպիրների ու սարկավագների թիվը քիչ է, քահանային օգնելու անհրաժեշտություն երբ լինում է, քահանայի թույլտվությամբ յուրաքանչյուրը կարող է հագնել շապիկ և պատարագի ժամանակ օգնել քահանային»,-ասաց Հովհաննեսը։

Հետաքրրքվեցի, թե բացի Հովհաննավանքից  էլ ո՞ր եկեղեցու խորան է բարձրացել, և սարկավագի շապիկով մասնակցել պատարագի, ասաց՝ տարբեր եկեղեցիներում։ Խնդրեցի մասնավորեցնել ու նշել կոնկրետ եկեղեցու անունը։ Ի պատասխան՝ ասաց․ «Հիմա թույլ տվեք կոնկրետ անուն չտամ, բայց ուղարկեք Ձեր մեյլը և ես թվով, նույնիսկ ամսով, կուղարկեմ եկեղեցիներ, որտեղ  շապիկ եմ հագել ու մասնակցել պատարագի»։   Համառորեն պնդեցի նշել գոնե մեկ եկեղեցու անուն, որտեղ Հովհանանվանքից բացի խորան է բարձրացել։ Փոխարենն ասաց․ «Հուսով եմ Դուք Սուրբ գիրքը կարդացել եք․․․»։ Ընդհատեցի խոսքը՝ կրկին պնդելով, որ նշի գեթ մեկ եկեղեցու անուն, որտեղ խորան է բարձրացել սարկավագի շապիկով։  Կրկին՝  նույն պատասխանը․ «Ես ասում եմ, աջակցել եմ, ցանկություն չունեմ անունը տալ եկեղեցու»»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։