Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին, և մեր պարտքն է հավատարիմ լինել այդ ընտրությանը, հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
Ավելին.կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջև։
Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։ Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերից։
ԵՄ-ի մասին...
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել, ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։ Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
ԵԱՏՄ-ի մասին..
Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլև այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։
Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։
Այսօրվա կառավարիչների արկածախնդիր քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։ Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։
Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառույց չէ, առնվազն այս պահին։
Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է և ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք (առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով)։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ու՞ր պետք է գնա։
Մեկն ասում է՝ Արևմուտք, էն մեկը՝ Արևելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։
Իսկ ո՞րն է այդ տեղը։
1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։
Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»,- շեշտել է Շարմազանովը։










