ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Ալիևը պնդում է, որ այսօրվա Հայաստանի բոլոր շրջաններն ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա: Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը: Նա կրկնել է իր այն միտքը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ալիևը պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, գիտնականներին հանձնարարել է, որ աշխատեն այդ նպատակին հասնելու ուղղությամբ:
Հարգելինե՛րս, երբ ասում ենք, որ Հայաստանը խաղաղության համար անվտանգության ոչ մի երաշխիք կամ որևէ մեխանիզմ չի ստացել, հենց սա նկատի ունենք։
Պետք է վերջապես հասկանալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում գոյություն չունի այսօրվա տեսքով Հայաստան։ Նրանց պատկերացմամբ՝ դրա փոխարեն լինելու է «Արևմտյան Ադրբեջան», որտեղ հայերն ընդամենը ապրելու իրավունք կունենան։
Կարևոր է արձանագրել նաև, որ ՀՀ գործող իշխանությունները համաձայն են այս սցենարի հետ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ուղղությամբ է տանում մեր պետությունը։
Հարցն այն է՝ արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է ապրել այդպիսի Հայաստանում, որը հարմարեցվում է ադրբեջանցիների վերադարձի համար։
Գիտակցո՞ւմ ենք, որ շուրջ 360 հազար ադրբեջանցի պատրաստվում է գալ և բնակություն հաստատել մեր տներում, քանի որ, ըստ նրանց պնդման, այդ տները իրենց են պատկանում։
Միևնույն ժամանակ շարունակվում է արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, փոխվում է Սահմանադրությունը, ամեն տեղից հանվում են ազգային խորհրդանիշները։ Եթե կարճ ասենք՝ այսօրվա Հայաստանը հարմարեցվում է այն պայմաններին, որոնք Ալիևը դրել է Փաշինյանի առաջ։
Եկե’ք հեռացնենք Փաշինյանին և պահպանենք այսօրվա Հայաստանը»։










