Հայաստանում չեչեն կնոջ սպшնության կասկածյալը «Իսլամական պետության» հետ կապ ունեցող անձ է. լրատվամիջոց


Հայաստանում չեչեն կնոջ սպшնության կասկածյալը «Իսլամական պետության» հետ կապ ունեցող անձ է. լրատվամիջոց
Նոյեմբեր 4 12:20 2025

Հայաստանում չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության գործով կարող է ներգրավված լինել 30-ամյա Սաիդ‑Խամզատ Բայսարովը, որը նախկինում դատապարտվել էր «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտնում է «Դոժդը»՝ հղում անելով «Օստորոժնո Նովոստի» կայքին, որն էլ իր հերթին հղում է անում մահացածի հարազատներին։

30-ամյա տղամարդը դուրս է եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել էր Այշատ Բայմուրադովայի մարմինը՝ նրա սպանության օրը։

2018 թվականին Սաիդ-Խամզատ Բայսարովը մեղադրվել էր «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, սակայն Մոսկվայի դատարանը կարճել էր գործը։ Բայսարովի դեմ քրեական գործեր կային նաև ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար։ Նրա հայրը գործարար է՝ Գրոզնիում։

«Օստորոժնո Նովոստի»-ի տվյալներով՝ Հայաստանի ոստիկանությունը Բայսարովին նույնականացրել է տեսախցիկների տեսագրություններից։ Նա դուրս էր գալիս այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել էր Այշատի մարմինը մեկ այլ անձի հետ՝ հավանաբար Կարինա Իմինովայի, որի հետ Այշատը հանդիպել էր՝ մահից մեկ օր առաջ։

SOS ճգնաժամային խումբը հայտարարել է, որ «հետաքննիչները գիտեն այդ անձանց անունները», բայց նրանք հետախուզվող չեն և կարող էին հեշտությամբ լքել Հայաստանը։

«Սա մտահոգություններ է առաջացնում, որ գործը պարզապես կփակվի։ Սկսվել է սպանության հետաքննություն՝ վկաների ցուցմունքներով և տեսախցիկների տեսագրություններով։ Հանցագործության վայրում կան երկու անձինք, որոնք այնուհետև արագ հեռանում են։ Սովորական դեպքում նրանք անմիջապես կհայտնվեին հետախուզման մեջ», - հայտարարել են իրավապաշտպանները։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։ Նա չի վերադարձել հոկտեմբերի 15-ի երեկոյան Երևանում զբոսանքից և դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել է, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։ Հայ իրավապաշտպանները պահանջել են Այշատ Բայմուրադովայի սպանության անկախ և թափանցիկ հետաքննություն։ Նրանք նշել են, որ Բայմուրադովայի մահը հիշեցում է այն մասին, որ «բռնությունից փախչող կանայք դեռևս լիովին անվտանգ չեն նույնիսկ այն վայրերում, որտեղ նրանք պաշտպանություն են փնտրում»։