Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները. Իշխան Սաղաթելյան


Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները. Իշխան Սաղաթելյան
Նոյեմբեր 4 11:57 2025

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները, այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օգոստոսի 8-ին՝ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո, իշխող ուժը շտապեց հայտարարել, թե խաղաղությունն արդեն իրականություն է։

Մենք բազմիցս հիմնավոր կերպով ցույց ենք տվել, որ այդ համաձայնագրով՝

-Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը հստակ սահմաններով,

-որևէ կերպ չեն զսպվում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,

-չամրագրելով արցախահայության վերադարձի իրավունքը՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։

Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհն անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիևի դիրքերը՝

հասարակությանը ճշմարտությունը ներկայացնողներին պիտակավորելով «ռևանշիստ»,

հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան,

ակտիվացնելով Սահմանադրության փոփոխության գործընթացը,

կրճատելով զինված ուժերի ֆինանսավորումը և զինվորական ծառայության ժամկետը։

Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որն ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղություն է հաստատվել։

Ալիևի այսօրվա հայտարարությունը դարձել է ամենաառարկայական ապացույց՝ ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության։

Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետություններին, ակնկալում ենք բոլորից՝ անհապաղ և հրապարակային ձևով դատապարտել Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։ Հակառակ դեպքում ձեր ողջույնները դառնում են ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողություն։

Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա արժանապատիվ պետություն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը և իր քաղաքացիներին»,-գրել է Սաղաթելյանը։