«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս ասում է, թե կարգալույծ եղած Վեհափառը չի կարող քահանային կարգալույծ անել։
Փաստաբանը նշել է, թե Փաշինյանի սահմանած տրամաբանության շրջանակներում պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
ա) արդյոք Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է
բ) Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումներն իրավական ուժ ունե՞ն, թե՞ ոչ։
«Մեր Սահմանադրության 17-րդ հոդվածի առաջին մասն ասում է, որ ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, երկրորդ մասը՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։
Սահմանդրության 41-րդ հոդվածի չորրորդ մասն ասում է, որ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ։
Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով, ըստ օրինականության սկզբունքի, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։
ՔՊ-ամերձ շրջանակները թող փնտրեն և գտնեն գեթ մեկ հոդված, նորմ, որը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն և լիազորություն է տալիս խառնվել Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին այն իմաստով, որ փորձի ներազդել, թե ով պետք է լինի ՀԱԵ ղեկավարը կամ ղեկավար կազմը, և նրանք ինչպես պետք է որոշեն խախտումների մասով պատասխանատվության հարցերը։ Եթե կգտնեն այդպիսի նորմ, ապա շատ հետաքրքիր բանավեճ կստացվի»,-ասել է Սոս Հակոբյանը։
Անդրադառնալով կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցածին՝ Սոս Հակոբյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը «ոչ վարչապետական նախաձեռնության շրջանակներում» բանեցրել է պետական բոլոր ռեսուրսները, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին զրկված լինի Հովհաննավանքում հոգևոր ծառայություն իրականացնելու հնարավորությունից։
«Նա, ըստ էության, ուզուրպացրեց այդ եկեղեցին՝ իր քիմքին համապատասխան ինչ-որ անձի կարգելով հոգևոր հովիվ։ Սրանք այն օրինակներն են, որոնք ցույց են տալիս կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու օրինակը»,-ասել է Սոս Հակոբյանը՝ այլ օրինակներ ևս բերելով։
Նա խնդրել է քաղաքացիներին պատասխանել հետևյալ հարցին՝ այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը լեգիտի՞մ է որպես վարչապետ, թե՞ ոչ, և արդյո՞ք իր ընդունած որոշումներն ունեն իրավական ուժ, թե՝ ոչ։









