«Մարդկանց չեմ կանչում եկեղեցի, որ իմանամ նրանց կուսակցությունները». Ստեփան Ասատրյանը ՔՊ-ական դպիրին չի ճանաչում


«Մարդկանց չեմ կանչում եկեղեցի, որ իմանամ նրանց կուսակցությունները». Ստեփան Ասատրյանը ՔՊ-ական դպիրին չի ճանաչում
Հոկտեմբեր 29 15:47 2025

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, ով կիրակի օրը Հովհաննավանքում «պատարագ» էր մատուցել, տեղյակ չի, թե ովքեր են իր հետ այդ օրը եկեղեցում ծառայություն իրականացրել, մասնավորապես, դպիրներից Ռաֆայելին չէր ճանաչում։

«Չեմ ճանաչում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախկին հոգևորականը։

«Բա դուք պատարագ եք մատուցում, չգիտե՞ք՝ ովքեր են Ձեզ հետ այդ օրը ծառայություն իրականացնում»,- հետաքրքրվեցինք Ստեփան Ասատրյանից։

Նա էլ ասաց, թե ինքը մարդկանց չի կանչում եկեղեցի, որ իմանա նրանց կուսակցությունները։

«Եկեղեցին վերքաղաքական կառույց է ու իր հավատացյալների կուսակցական կողմնորոշումն իրեն, առհասարակ, չպետք է հետաքրքրի»,- հավելեց Ստեփան Ասատրյանը։

Նշենք, որ համացանցում տարածվել էր Հովհաննավանքում կիրակի օրվա «պատարագին» մասնակցած դպիրներից մեկի լուսանկարը, նշվում էր, թե նա «կեղծ դպիր է»։

Պարզվում է՝ երիտասարդը ՔՊ-ական է, բայց «կեղծ դպիր» լինելու փաստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հերքել է։

Նա նշել էր, որ Ռաֆայելը որպես դպիր ձեռնադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից։

Նշենք, որ երեկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ին ասել էր, որ այդ «պատարագին» մասնակից սարկավագները Մայր Աթոռի միաբան չեն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցեց, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ։

Ըստ Փաշինյանը՝ դա «նորոգման պատարագ էր»։ Նա հայտարարել էր, թե Հովհաննավանքի «պատարագը» խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։

Մայր Աթոռի կողմից «պատարագն» անօրինական է ճանաչված։