Մամիջանյանը նամակով դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող հայերին


Մամիջանյանը նամակով դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող հայերին
Հոկտեմբեր 29 15:05 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:

Խմբակցության ղեկավարը ողջունել է հյուրին, ով մեր երկիր է ժամանել մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության հետ կապված հարցերին:

Խմբակցության ղեկավարը նաեւ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց հարցի մասին՝ կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին:

Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր: