Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։
«Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի մտադրություն, ցանկություն կամ նպատակ»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը: