Այսօրվա դատական նիստի արձանագրությունը հարմար ապացույց է հետագայում որոշ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար. Բագրատ Սրբազանի պաշտպան


Այսօրվա դատական նիստի արձանագրությունը հարմար ապացույց է հետագայում որոշ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար. Բագրատ Սրբազանի պաշտպան
Հոկտեմբեր 2 23:03 2025

Այսօրվա դատական նիստի արձանագրությունը հարմար ապացույց է հետագայում որոշ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով նախնական դատալսումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը կարողացավ առավելագույն արդյունք քաղել նիստից։

«Պաշտպանության կողմը կարողացավ ևս մեկ անգամ ներկայացնել, որ այն, ինչ հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ (հանրային մեղադրողները– խմբ․)շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա։ Մի կողմից վերահաստատում են, որ իրենք չեն եկել արդարություն որոնելու, այլ եկել են կեղծիքով գործ առաջ տանելու, մյուս կողմից այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույց է հետագայում այս անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-ասաց Խուդոյանը:

Խոսելով դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման մասին՝ մերժել հանրային 5 դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը, Խուդոյանը նշեց, որ ինչ-որ տեղ դա կանխատեսելի էր։

Նա հավելեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության հիմքն այն էր, որ կեղծված ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացություն է հաստատվել։ Դատավորը պատճառաբանեց, որ նախնական դատալսումների փուլն է հիմա, և դատարանը չի կարող գնահատել ապացույցները, դա կարող է անել միայն հիմնական դատալսումների ժամանակ, ուստի ներկայացված միջնորդությունն ահիմն է։

Խուդոյանի խոսքով՝ դատավորի համար խնդիր չի եղել անձանց նկատմամբ կալանքի որոշում կայացնել այս փուլում. «Այստեղ անհավասար վերաբերմունք կա, մեր դատական համակարգը, ցավոք, նման անոմալիաներ ունի»։

«Սրբազան պայքարի» գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9–ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։