«Ձեր տրամաբանությամբ լինելով վերջին ութ տարիներին պետական պաշտոնյա՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, թե ոչ։ Հստակ պատասխանեք՝ այո կամ ոչ»,- ԱԺ անդրանիկ նիստում ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ պահանջելով հստակ պատասխանել, թե արդյոք Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է։
Պատգամավորը նաև անդրադարձավ Ռուբինյանի՝ խորհրդարանում բարեկրթության վերաբերյալ կոչերին՝ նշելով, որ դրանք պետք է վերաբերվեն բոլոր պատգամավորներին։ Նա հիշեցրեց նաև Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման, ինչպես նաև նիստերի ընթացքում իշխանական պատգամավորների վարքագծի մասին՝ հարցնելով, թե արդյոք նույն պահանջները կիրառվում են նաև նրանց նկատմամբ։
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ կոչ չի արել լինել համերաշխ, այլ՝ բարեկիրթ։
«Ես կոչ չեմ արել լինել համերաշխ, ես կոչ եմ արել լինել բարեկիրթ, դրանք տարբեր բաներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական տարաձայնությունները չեն բացառում փոխադարձ հարգանքը։
Անդրադառնալով Թագուհի Թովմասյանին՝ Ռուբինյանը նշեց, որ նա պաշտոնից չի հեռացվել մի քանի ելույթից հետո, այլ մի քանի տարի անց։
Տիգրանաշենի վերաբերյալ հարցին Ռուբինյանը պատասխանեց, որ իր դիրքորոշումն արդեն ներկայացրել է, իսկ հետագա արձագանքում հայտարարեց. Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 29 հազար 743 քառակուսի կիլոմետր։ Բոլորը գիտեն, որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ միջազգայինորեն ճանաչված։
Նա հավելեց, որ անկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։










