44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում. Ալեն Սիմոնյան


44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 2 14:36 2025

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում, 1Lurer.am-ին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով. քիչ առաջ ենք խորհրդում քննարկել և նման որոշում ընդունել», - ասել է Սիմոնյանը։

Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին:

Սիմոնյանը հայտնել էր՝ ինքը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձել էր մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշել՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի: