«Չգիտեի, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի»․ Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից


«Չգիտեի, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի»․ Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից
Սեպտեմբեր 25 19:35 2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է  2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում ու գրել է․

«Տեսանյութը՝ 25.09.2023թ.,ժամը՝ 18։06

Երեկ արդեն լույս ունեինք, մերը չէր, ադրբեջանցիներն էին միացրել։ Ոչ մի էմոցիա չառաջացրեց՝ ոչ ուրախություն, ոչ զայրույթ, միևնույն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ երբ տան բոլոր լույսերը միացան, այլևս չանջատեցի. խնայելու կարիք չկար, մերը չէր…  Բայց զգացի կամ միգուցե հասկացա, որ կորցնում եմ կապը իրականության հետ ու փոքրիկ երեխայի պես փախա, մտա իմ աշխարհ … այնտեղ լավ էր, այնտեղ ուզում էի մնալ …

Նայում էի շուրջբոլորս ու չէի հասկանում մարդկանց, որ շտապում են գնալ, գնալ իրենց քաղաքից, իրենց տնից, իրենց կյանքից ու ինձ թվում էր, որ բոլորը արդեն հեռացել են, իսկ ես ՏՈւՆ եմ գնում ու ամեն ինչ առաջվանը կլինի։ Գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, դեռ չգիտեի, որ էլ երբեք ոչինչ էլ առաջվանը չի լինի, գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, որ ձայները որոտինը չեն, որ…

Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է …»։