«Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է։ Նա վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ վիրավորված անձը ոստիկանության ծառայող չէ։
«Նախնական տեղեկություններով, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել, որի հետևանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորել է»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, տեսախցիկներ են վերծանվում, հանրապետության մուտքեր ու ելքեր են որոշակի առումով ստուգվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուս՝ նրա ընկեր քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։