Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել. քաղաքագետ Սեմյոն Բաղդասարով


Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել. քաղաքագետ Սեմյոն Բաղդասարով
Սեպտեմբեր 23 23:34 2025

Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի հայկական եկեղեցուն կից «Տապան» թանգարանում Տեր Գևորգ քահանա Վարդանյանը և ռուս քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը «ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները Հարավային Կովկասում և մեր հոգևոր անվտանգությունը» թեմայով զրույց են անցկացրել: Սեմյոն Բաղդասարովը, ներկայացնելով Հարավային Կովկասի ներկա քաղաքական իրավիճակը, խոսել է այն մասին, թե Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում ինչպիսի պայթյունավտանգ գործընթացներ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում:

Շարունակելով այս միտքը՝ նա անդրադարձել է նաև եկեղեցու, հոգևորականության և ժողովրդի կողմից ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ներկայիս իշխանությունների անօրինական և անարդար հարձակումներին:

«Նրանք իրենց խնդիրն են դնում ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին, և մենք պարտավոր ենք ակտիվություն ցուցաբերել և «ոչ» ասել ներկա իշխանություններին, – նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ ինքը կողմնակից է օրինական իշխանափոխության գալուն:

«Ցանկացած ցնցում կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների։ Դրանից խուսափելու համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նոր ընտրությունները հնարավորինս արդար կայանան, որպեսզի ընտրակեղծիքներ թույլ չտան։ Իսկ նրանք կձգտեն դրան։ Օրինական ճանապարհով իշխանափոխությունը կախված է մեր բոլորից։ Բոլոր նրանցից, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը պահպանվի, և որ պահպանվի հայ ազգի հիմքերից մեկը՝ հայկական եկեղեցին։ Ի վերջո, նրանք պարզապես չեն հարձակվում:  Սրանք սատանիստներ են, սատանայական աղանդի անդամներ: Եվ նրանք կշարունակեն իրենց գործը։ Քանի որ դա նման է քաղցկեղի ուռուցքի: Եթե այն ժամանակին օրինական ճանապարհով չկտրվի, այն կբազմապատկվի և կոչնչացնի ամբողջ Հայաստանը։ Այդ պատճառով յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ կարող է անել դրա համար», – նշել է քաղաքագետը։ Սեմյոն Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանում, Սահմանադրության համաձայն, աշխարհիկ և կրոնական իշխանությունը բաժանված է, Իսկ Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ դեր ունի ժողովրդի մշակութային և հոգևոր կյանքում:

«Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել», – նշել է քաղաքագետը: