Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը. թյուրքագետ


Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը. թյուրքագետ
Սեպտեմբեր 23 11:12 2025

Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունն ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

 

«Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու իրենց սպասարկուները։

 

Այս պահին Թուրքիան և Ադրբեջանն ունեն բացառիկ ազդեցության Հայաստանում իշխող վարչախմբի վրա, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթություն, բանակ, խորհրդանիշներ և այլն) փաստացի կոչված են թուլացնելու արդեն իսկ խոցված մեր պետությունը և նպաստելու առաջին կետի իրացմանը։

 

Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը։ Սուտը, մանիպուլյացիան և արդյունաբերական մասշտաբների քարոզչությունը պետք է ապահովի այս նպատակի իրականացումը մինչև ընտրություններ։

 

Հետևաբար, «Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու։ Այսինքն՝ ոչ թե լինելու է ազգայինից հեռու կամ կոսմոպոլիտ Հայաստան, այլ հայկական պետություն ուղղակի չի լինելու։ 

 

Ուստի, որևէ քննարկում այս թեմայով իմաստ չունի։ Հայաստանն ունի բացահայտ երկու թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեր շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների հիմնական շարժիչներն են։ Ցանկացած շեղում այս երկու թշնամիներին իրական զսպելու թեմայից կեղծ օրակարգ է։ Կեղծ ու կործանարար։

 

Հ.Գ. 

Հնարավո՞ր է արդյոք զսպել մեր թշնամիներին։ Այո՛։ Դա գիտեն նաև Անկարայում ու Բաքվում։ Մնում է մենք հասկանանք, որ մենք բավականաչափ ուժեղ ենք»,- գրել է նա: