«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա աշնանը ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ դերի բարձրացմանն ուղղված օրենդրական փոփոխություն իրականացրեց՝ որոշ պետական մարմիններից պահանջելով Ազգային ժողով տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնել։ Ըստ այդմ՝ արդեն հնարավորություն ունեն լսելու ոչ միայն գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի ղեկավարի, ՄԻՊ-ի հաշվետվությունները, այլեւ քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարների, տնտեսական մրցակցության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Պետական եկամուտների կոմիտեի տարեկան հաղորդումները։
«Քանի որ այս կառույցների մի մասն իրենց գործունեության ընթացքում առնչվում է հանրության լայն զանգվածի հետ, անհրաժեշտություն է առաջացել նրանց խորհրդարանում հյուրընկալելու եւ թե՛ քաղաքացիների, թե՛ մեր կողմից ի հայտ եկած խնդիրների առաջարկությունների վերաբերյալ մեր տեսակետները ներկայացնելու, ինչպես նաեւ այդ կառույցների ղեկավարների պարզաբանումները լսելու համար»,- ամիսներ առաջ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի ընդունումն այսպես էր հիմնավորել համահեղինակներից Սիսակ Գաբրիելյանը: Ի դեպ, նախագիծը հեղինակել էին մի խումբ ՔՊ-ականներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Այսպիսով՝ համաձայն այս փոփոխության, ՊԵԿ-ը երեկ առաջին անգամ խորհրդարան էր բերել տարեկան հաղորդում, որի քննարկումն ընդդիմությունն ու իշխանությունը վերածեցին «կարդեբալետի»: Ազգային երեսփոխանները ցույց տվեցին, որ թքած ունեն հարկային-մաքսային խնդիրների վրա՝ կանաչ լույս վառելով հաշվետու մարմնի հետագա ապօրինությունների համար: Ոլորտին վերաբերող հաշված հարցեր հնչեցին, փոխարենը շուրջ երկու տասնյակ պատգամավոր գրանցվեց ելույթների համար, ու ԱԺ նիստերի դահլիճը վերածեցին քաղաքական ռինգի: Բակերում սրան ասում են՝ «համարները հանեցին, իջան ձոր», ու անկանոն՝ երբեմն գոտկատեղից ներքեւ փոխադարձ հարվածներով ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները ՊԵԿ տարեկան զեկույցի քննարկումը վերածեցին նախընտրական «ռազբորկայի»՝ հնչեցնելով փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ։
Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես 4-5 ժամ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պասիվ դիտորդի դերում էր, նրան երբեմն-երբեմն, հավանաբար, մխիթարում էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` մոտենում, ինչ-որ բան էր փսփսում, մեկ-մեկ մտերմաբար ուսին թմփթմփացնում՝ գուցե համոզելով, որ քաղաքական ելույթներն ավելի կարեւոր են, քան իր ղեկավարած ոլորտի խնդիրների վերհանումը, որ սա իշխանության մնալու կռիվ է եւ այլն․․․
Հանուն արդարության ասենք, որ իրավիճակը թեժացրեց ընդդիմությունը: Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» խմբակցությունում քննարկման կեսից որոշել են փոխել իրենց օրակարգը, նրանց կարծիքով՝ մաքսային, հարկային խնդիրներից ոչ պակաս կարեւոր է պատռել իշխանության ներկայիս կեղծ քարոզչափուչիկը՝ խաղաղության, Թրամփի ուղու տնտեսական հնարավոր արդյունքների մասին։
Արծվիկ Մինասյանի հարցից հետո դահլիճում իրավիճակը գլխիվայր շրջվեց, եւ այլեւս չհնչեցին որեւէ ոլորտային հարց, ելույթ: Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն` իշխանությունը միացրեց ընդդիմության մասին հին սկավառակը, ընդդիմադիրներն էլ իրենց նպատակից չշեղվեցին, եւ հարցերն ու ելույթները մոտավորապես այն գծի մեջ էին, թե, ենթադրենք, մենք վատն ենք, դա ի՞նչ կապ ունի վաշինգտոնյան համաձայնագրի եւ այն ստերի հետ, որ դուք հորինում եք։ Արծվիկ Մինասյանը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց` արդյոք Թրամփի ուղու վրա գործելո՞ւ են մաքսային համակարգեր, խնդրեց հստակություն մտցնել` այդ հանգույցն ի՞նչ է իրենից ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները գործելո՞ւ են այդտեղ, թե՞ ոչ:
«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առեւտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- ասաց Հակոբյանը` ըստ էության, չփարատելով կասկածները եւ բորբոքելով ներքաղաքական «ռազբիրատ»։ Մի քանի ժամ քաղաքական ելույթներ լսելուց հետո Հակոբյանը շիվարած մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ չթաքցրեց, որ դեբյուտն իր համար անսպասելի ընթացք ունեցավ: «Խորհրդանշական ստացվեց»,- ասաց նա՝ չթաքցնելով ուրախությունը, որ, այնուամենայնիվ, եղան մարդիկ, որ ոլորտի խնդիրներին անդրադարձան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։