«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում նոր իրավիճակ է ստեղծել», - ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, Կարմիր Խաչի ներկայացուցիչները ոչ միայն ֆիզիկապես հնարավորություն ունեին այցելելու Բաքվում գտնվող հայերին, ծանոթանալ նրանց վիճակին, ընտանիքի անդամների հետ կապ ապահովել և այլն, այլ այդ կազմակերպության միջոցով է երկար տարիներ իրականացվել անհետ կորածների հետ կապված աշխատանքը:
«Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայերի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է շուրջ 8 տասնյակ հայերի Ադրբեջանում գտնվելը: Թեև Կարմիր Խաչի գրասենյակի աշխատանքը պաշտոնապես ավարտվեց սեպտեմբերի 3-ից, սակայն սա անակնկալ չէր ու սրա մասին տևական ժամանակ է խոսվում էր, բայց դա որևէ ազդեցություն չի թողել ՀՀ իշխանության գործողությունների և քաղաքական կամքի վրա»,- նշեց Աբրահամյանը, ապա հարցադրում արեց, թե ի՞նչ է անում իշխանությունը գերեվարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ՝ կեղծ դատավարությամբ Հայաստանի թիրախավորումը կանխելու, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու համար:
«Պաթետիկ խոսքերից և որոշակի պարբերականությամբ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան գոյություն չունի: Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի դրույթներ կային, սակայն աննախադեպ, պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այս մասին ոչինչ չկա: Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ: Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:
Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են: Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է: Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է»,- ասաց Տ. Աբրահամյանը։