Սահմանամերձ Գեղարքունիքի գյուղերի ժողովրդագրական վիճակը սպառնում է դառնալ լուրջ անվտանգային հարց. Փաստն այն է, որ դպրոցներում աշակերտների թիվը նվազում է։
Մարզի Կալավանի միջնակարգ և Գեղամաբակի հիմնական դպրոցներում այս տարի առաջին դասարանցի չի գրանցվել։ «Փաստինֆո»-ին այս մասին տեղեկացրին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից։
Բացի այդ, մարզի մի շարք համայնքներում առաջին դասարանցիների թիվը խիստ քիչ է Սեմյոնովկայի հիմնական, Արեգունու, Ծափաթաղի, Կութի, Կուտականի, Նորաբակի և Այրքի միջնակարգ դպրոցներում կա ընդամենը մեկ առաջին դասարանցի։
Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզի դպրոցներում սովորում է շուրջ 27 հազար աշակերտ՝ առանց ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող կրթական հաստատությունների։
Դպրոցների տնօրենների խոսքով՝ պատճառը գյուղերի ժողովրդագրական իրավիճակն է․ երիտասարդ ընտանիքները տեղափոխվել են մայրաքաղաք կամ ընդհանրապես արտագաղթել, գյուղերում հիմնականում մնացել են տարեցները։