Հայ ժողովուրդը փակված չի համարում Արցախի հարցը․ «ՀայաՔվե»


Հայ ժողովուրդը փակված չի համարում Արցախի հարցը․ «ՀայաՔվե»
Սեպտեմբեր 3 10:27 2025

 ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․

 

«34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը։

 

Արցախն այսօր, ցավոք, ժամանակավորապես բռնազավթված է, և չնայած Հայաստանի իշխող վարչախմբի հակազգային քաղաքականությանը, մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի համակերպվել Արցախի կորստի հետ և փակված չի համարում Արցախի հարցը։

 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գործունեության կարևորագույն առաջնահերթությունն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը միջազգային օրակարգ մտցնելն է, ինչը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից արդարացի պահանջ է՝ վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի վճռով, այլ նաև հասկանալի և ընդունելի օրակարգ է համաշխարհային և տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոնների համար։

 

Մեր ժողովրդի պատմության մեջ եղել են նման շրջաններ, երբ հայ ժողովուրդը հայրենազրկվել է, սակայն իր մեջ ուժ և կորով է գտել՝ վերատիրելու իր սրբազան հայրենիքին։

 

Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել, չտրվել կարճաժամկետ հիասթափություններին, չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար»։