Մահաբեր վթարի վարորդն ազատ է արձակվել. մահացած անչափահասների ծնողներն արդարություն են պահանջում


Մահաբեր վթարի վարորդն ազատ է արձակվել. մահացած անչափահասների ծնողներն արդարություն են պահանջում
Օգոստոս 18 17:41 2025

Ծաղկաձորում մայիսի 24-ին երկու 15-ամյա աղջկա կյանք խլած քառանիվի վթարը չի սթափեցրել պատասխանատուներին: Միայն աղջիկների հարազատներին է անբուժելի ցավ պատճառել: Հիմա նույն վայրում՝ Կեչարիսի հարևանությամբ, երկու կվադրոցիկլ է կանգնում, 5 հազար դրամով մարդկանց պտտեցնում: Արտաճանապարհային այս տեխնիկան նախատեսված է սարերի համար։ Քաղաքում դրանց շահագործումն արգելված է, սակայն Ծաղկաձորում իրականությունն այլ է: Ծաղկաձորցների խոսքով՝ զբոսաշրջային քաղաքի փողոցներում հանգստյան օրերին հատկապես երեկոյան ժամերին, քառանիվների տեղ ու դադար չկա: Թե ով է նստում ղեկին, ի վիճակի է վարել այն, թե ոչ, կարծես թե, ոչ ոքի չի հետաքրքրում: Հենց այս անպատասխանատու մոտեցումն է մայիսի 24-ին 15-ամյա գեղեցկուհիների մահվան պատճառ դարձել: Երկու Ալեքսանդրաները համադասարանցիների, դասղեկի ու մի քանի ծնողի հետ էքսկուրսիա էին եկել: Ավտոբուսից իջնելուց անմիջապես հետո չորս աղջիկները քառանիվ են վարձել: Հինգ հոգով, վարորդն էլ հետը, նստել են չորս հոգու համար նախատեսված bagi-ն: Ծնողների խոսքով` 19-ամյա վարորդը, որ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ասել է, թե ամրակապվելու կարիք չկա։ Մեքենան վարել է շատ մեծ արագությամբ, անկանոն շարժումներով, անվտանգության կանոնները չպահպանելով։ Մի քանի րոպե անց քառանիը շուռ է եկել, աղջիկներից երեքը դուրս են թռել մեքենայից։ Երկու Ալեքսանդրաները տեղում մահացել են, մյուս երկու աղջիկները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ

Մահվան ելքով վթարի զոհ դարձած աղջիկների հարազատներին չի բավարարում գործի ընթացքը: Ծնողներն անթույլատրելի են համարում երկու անչափահասների կյանք խլած երիտասարդին կալանքից ազատելը։ Շեշտում են` փաստացի վարորդը շարունակում է ապրել սովորական կյանքով։ Եթե երկու հոգու մահը մարդուն մեկուսացնելու բավարար պատճառ չէ, ապա նման դեպքեր էլի են լինելու։ Սա համարում են ուղիղ ճանապարհ դեպի նոր ողբերգություններ։ Վարորդի խափանման միջոցի հարցը հիմա վերաքննիչ քրեական դատարանի տիրույթում է։ Դատախազության ու ծնողների բողոքի հիման վրա պետք է որոշվի կհայտնվի նա արդյոք կալանավայրում։ Բայց ծնողները հստակ հայտարարում են՝ այս որոշման հետ չեն հաշտվելու։ Նրանք չեն պատրաստվում լռել, պայքարելու են այնքան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։

 

Ծնողների համար անընդունելի է նաև այն, որ մինչև այս պահը քառանիվների սեփականատերը գործով որևէ կարգավիճակ չունի: Նրան էլ են մեղավորում համարում: Շեշտում են, որ պարտավոր էր վերահսկել, որպեսզի պատահական մեկը քառանիվի ղեկին չնստեր, մարդկանց կյանք չխլեր: