Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Այս մասին գրել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդադառնանք հաջորդիվ:
Դեռևս երկու արձանագրում միայն.
ա1) Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել ԱՆՀԱՊԱՂ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում [փաստագրված] էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը:
ա2) գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլ` ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա ՈՐԵՎԷ բանից տեղյակ չի եղել (Մ.Հարությունյանին հայտնի է ամեն ինչ):
Բ) Նախորդիվ համանման միջնորդությունը մերժվել էր հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի կողմից, այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որն ըստ դատական ակտի պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ:
Գ) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտում (բուժում էլ չէ` ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո:
Դ) Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումն ըստ բուժող արտասահմանցի բժիշկի նշանակված է սեպտեմբերին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել:
Ե) 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ՈւՇԱՑՈւՄՈՎ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:
Զ) ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղվարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»:
Է) Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք գործով հայտատարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը և´իրավաչափ չէ և´ ոչ էլ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ` տնային կալանքի պայմաններում:
Ը) Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ:
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Հ.Գ. Բոլորի արածներն էլ (օրինակ` ԴԱՏԱՎՈՐ Վազգեն Ռշտունու) ու [հատկապես] չարածներն էլ (մյուսների) հայտնի են, ուստի «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»»,- գրել է նա։