Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ ապամոնտաժել են ծառի ճյուղը և հեռացրել այն ավտոմեքենաների վրայից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծառի ճյուղը ընկել էր Ազատ Ս.-ի «Ford Transit» մակնիշի, Վարդան Թ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների և Գրիգոր Ս.-ին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսի վրա։
Ըստ նախնական տվյալների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։