Բաքվում պահվող հայերին այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Քանի որ ԿԽՄԿ-ն ստացել է՝ Ադրբեջանի իշխանությունների՝ գրասենյակը փակելու մասին գրություն, և գրասենյակը շուտով փակվելու է, այդ կապակցությամբ կարող ենք հաստատել միայն այն, ինչ այս պահի դրությամբ ունենք: Վերջին տեսակցությունը, որ ունեցել ենք նրանց հետ, հունիսին էր:
Մինչև գրասենյակի պաշտոնական փակումը, որի մասին լրացուցիչ կհայտնենք՝ երբ դա տեղի ունենա, այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ»,- հայտնել է նա:
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հասկանալու, թե ինչ հնարավոր տարբերակներ կարող են լինել մարդասիրական խնդիրներին անդրադառնալու համար։
Խոսքը ինչպես պահվող անձանց տեսակցությունների խնդրին, այնպես էլ անհայտ կորածների որոնման և մնացած մարդասիրական գործառույթներին։
Ամատունու խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ գրասենյակն Ադրբեջանում շուտով փակվելու է, տեսակցությունների մասով չեն կարող ընտանիքներին պահել անորոշության մեջ. «Մենք հստակ իրենց փոխանցել ենք այն, ինչ ունենք՝ կատարված այց հունիսին և ոչ մի հստակություն առաջիկայում կապված այս մասով»:
«Թերթը» հիշեցնում է, որ Բաքվում պահվում և ապօրինի ու շինծու գործով դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բաքվի բանտերում պաշտոնապես պահվում են 23 հայ գերի: