Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հուլիս 17 13:13 2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 հիմնական ֆեյք, որ օգտագործելու են հակառակորդները՝ իրենց նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ։

 

«1. «Ռուսական ֆեյք»

 

Քանի որ Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում շատ տարիներ ապրել է Ռուսաստանում և բիզնեսը հիմնականում Ռուսաստանում է, օգտագործվելու է հակառուսական թեզը, թե ՌԴ-ն Սամվել Կարապետյանին ուղարկել է, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։ Ծայրահեղականներն էլ ասում են, թե Հայաստանը կվերածվի գուբերնիայի։

 

Եկեք նայենք, թե ով է Հայաստանը վերածում գուբերնիայի։ Ուրեմն, 2018 թվականին ՌԴ-ի դերը ՀՀ-ի առևտրաշրջանառությունում եղել է ընդամենը 27%։ Այսօր այդ դերը հասել է 45%-ի, ևս 15 % ՌԴ-ից եկող և ԱՄԷ գնացող ոսկու, թանկարժեք քարերի և մետաղների արտահանումն է։ Մեր ինքնիշխան տնտեսական քաղաքականության վերջին 7 տարիների ընթացքում ռուսական դերը 27 %-ից հասել է 60 %-ի։

 

2. «Կապ այլ ուժերի հետ»

 

Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների, մեծ ներդրողների հետ: Ինչպես Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այդ հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Սփյուռքահայ ներդրողի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը, կարևոր է, որ նրա ներդրումները ծառայեն ի բարօրություն իր հայրենիքի։

 

Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներին, 2010-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: 2030-ին մեր հասարակությունը պետք է լրիվ այլ մարտահրավերների պատրաստ լինի։

 

Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը։ Որպեսզի ունենաս ուժեղ ղեկավար կազմ, պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին։

 

3. «Սփյուռքը չպետք է միջամտի»

 

Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել՝ ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ սփյուռքը պետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Ասում է, որ Հայաստանն էլ սփյուռքին աջակցող ինստիտուտ պետք է չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25%-ի չափ է։

 

Հայաստանում 500 հազար մարդ օգնություն է ստանում սփյուռքից, և եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։

 

Այսօր Հայաստանում բնակչության 23%-ն աղքատ է, դա մոտ 600-700 հազար մարդ է։ Այս մեծ աղքատության բեռը մեզ վրա, ընկել ենք արտաքին քաղաքական ինչ-որ սխեմաների հետևից և տնտեսությունով լրջորեն չենք զբաղվում։ Մեր խնդիրն օր առաջ 23% աղքատությունը վերացնելն է և բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելն է»։