Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը


Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը
Հուլիս 14 21:27 2025

Հուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

 

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ համաշխարհային մարտահրավերների պայմաններում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պահանջում է առավել հետևողական, մասնագիտական, բարեվարք և նվիրված մոտեցում։

 

Պաշտպանը հատկապես կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր՝ ներառյալ փոխայցերի կազմակերպման, փորձի փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության այն բարեփոխումները, որոնց արդյունքում 2024 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերահավատարմագրվել է անկախության և վստահելիության A բարձր կարգավիճակով ՄԱԿ հավատարմագրման հանձնաժողովի կողմից:

 

Ռոբերտ Դոբրովոդսկին բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել գործընկերային համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերային հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության: