Ձախ Հարութը հանրահայտ «Տարիներ» երգը կատարել է կրիմինալ ֆիլմի սաունդտրեկի համար. մանրամասներ


Ձախ Հարութը հանրահայտ «Տարիներ» երգը կատարել է կրիմինալ ֆիլմի սաունդտրեկի համար. մանրամասներ
Հուլիս 10 15:24 2025

«Վենդետա» ֆիլմում որպես սաունդտրեկ կհնչի հանրահայտ «Տարիներ» երգը՝ Ձախ Հարութի կատարմամբ։ Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանը:

 

Նրա խոսքով՝ սկզբում նախատեսվում էր, որ երգը կհնչի ակապելա, սակայն հետագայում որոշվեց այն նվագակցել դաշնամուրով՝ ֆիլմի դրամատիկ ավարտին ավելի խորը երանգ տալու համար։

 

Ֆիլմի մի հատվածում, որտեղ հերոսի ընկերները հարսանիքի ժամանակ երգում են, ստեղծագործական թիմը երկար քննարկեց՝ ինչ երգ ընտրել։ Չէին ցանկանում ստանդարտ ու արդեն հայտնի տարբերակների գնալ։ Այդ պահին էլ առաջ քաշվեց Վահան Տերյանի «Տարիներ»-ը՝ մի ստեղծագործություն, որի տողերն ասես գրվել էին հենց ֆիլմի հերոսի ապրումների մասին։

«Երբ հերոսը կորցնում է ընկերուհուն, այդ ցավը բառերով դժվար է նկարագրել։ Իսկ Տերյանի տողերն ամբողջությամբ փոխանցում են այդ ապրումը։ Հենց դա էլ դարձավ պատճառը, որ ոգևորվեցի գաղափարով և սկսեցինք ընթացք տալ», -նշում է ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանը։

 

Ռեժիսոր Մհեր Խաչատրյանի առաջարկով դիմեցին Ձախ Հարութին՝ երգը կատարելու համար։ Հարութը մեծ ոգևորությամբ համաձայնեց։ Երգը ձայնագրվեց Գոռ Հակոբյանի ստուդիայում։ Այս տարբերակը տարբերվում է նրա նախկին բոլոր կատարումներից․ այն ավելի դրամատիկ է, մեղմ, բայց միաժամանակ՝ ծանր ու հուզիչ։ «Վենդետա» ֆիլմը հասանելի կլինի հուլիսի 11-ից, ArmFlix հարթակում։