«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)


«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)
Նոյեմբեր 6 13:18 2026

Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

«Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։

Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։

Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։

Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։

Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ:

Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։

Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։

Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։

Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը»,- ասվում է հայտարարությունում։