Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.
«Այս ամենը Սամվելի մասին չէ, ոչ եկեղեցու, ոչ հայ ժողովրդի պատմության, Արցախի, Սյունիքի, հանձնված գյուղերի, մոռացված Ջերմուկի, ոչ էլ դավաճանված պատերազմի։ Այս ամենը ոչ ՀԷՑ-ի, ոչ ինքնիշխանության, ոչ հակառուսականության, ոչ էլ արևմամետության մասին։ Այս պատմությունը մեր մասին է։ Երբ նայում ես՝ ինչ կատարվում է այսօր, զգում ես ամոթից մինչև գարշանք, ցավից մինչև հիասթափություն։
Սամվելը երբեք չի աշխատել իր գովազդի կամ PR-ի վրա։ Նկատի ունեմ, իսկապես՝ երբեք։ Հակառակ պարագայում գուցե բոլորը իմանային, որ Սամվելը հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենախոշոր մեկենասներից է։
Ինչո՞վ է Սամվելը տարբերվում Քըրք Քըրքորյանից, Հովհաննես Լազարյանից, Ալեք Մանուկյանից կամ Գալուստ Գյուլբենկյանից։ Մեկ էպիզոդով. բացի մեկենասությունից, ամենաօրհասական պահին ֆիզիկապես եկավ կանգնեց հայերի կողքին՝ Հայաստանում: Վտանգելով սեփական կյանքը՝ ասաց. ես կա՛մ։
Բոլոր ազգերն էլ ունեն մեծահարուստներ՝ տես՛ Ֆորբսի ցուցակը, բայց հիմա քչերն են կանգնած էկզիստենցիալ վտանգի առաջ, իսկ այդ քիչ երկրներում եզակի մեծահարուստներն են, որ կարող են օրհասական պահին բարձրաձայնել։ Եվ դժվար գտնվեր որևէ երկիր, որտեղ այդ մեծահարուստին պատժեին, իսկ դա չալեկոծեր հասարակությանը։
Եթե Սամվելի բարեգործություններն ունենային պրագմատիկ նպատակ, ապա այն հարյուրավոր մշակութային գործիչները, մարզիկները, գիտնականները, գործարարները, որոնց տասնամյակներ շարունակ օգնել է, այսօր անթաքուց կլինեին Սամվելի աջակիցների շարքում, որտեղ կլինեին նաև այն ռուսաստանահայերը, արցախահայերը և հայաստանցիները, որոնց համար կառուցել է և հիմա էլ շարունակում է կառուցել հիվանդանոցներ, գյուղեր, օգնում է կրթությամբ և օթևանով։
Այդ մարդկանց լռությունը չէ՛, որ ուզում եմ արձանագրենք, այլ այն, որ Սամվելն այդքանն արել է իսկապես առանց ակնկալիքի։ Ու հիմա էլ չունի, հատկապես որ այսօր հայ ժողովրդի 100 տոկոսը, նույնիսկ այն տոկոսը, որը սատարում է գործող դիկտատորին, համոզված է, որ Սամվելը բանտարկված է, որովհետև ունի հակառակ կարծիք։ Սամվելը հայ ժողովրդի պատմության ամենամեծ բարերարներից է և նրանցից միակը, ով բանտարկյալը խղճի ու պատվի համար՝ Հայաստանում։ Բանտարկյալ, որի աքսորը շատ տրամաբանական տեղավորվում է ավելի լայն կոնտեքստի ու իրադարձությունների շղթայում.
· Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռնում խոսում է Արցախի մասին և արցախցիների վերադառնալու իրավունքի մասին,
· Դիկտատորը մեկնում է Թուրքիա,
· Հայաստանի դիկտատորը սկսում է անթաքույց գրող Հայ առաքելական եկեղեցու դեմ,
· Աշխարհի ամենահարուստ հայը կանգնում է եկեղեցու և ազգային արժանապատվության կողքին,
· Նա միանգամից հայտնվոմ է բանտում,
· Իսկ նրան բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար։
Այս պատմությունը Սամվելի մասին չէ։ Ոչ էլ եկեղեցու։ Սա հայի և մեր երկրի մասին է։ Պատմությունը, որը սկսվել է Սուրբ Ստեֆանոյից և արյունալի ու դավաճանված կանգառներով անցավ Ստեփանակերտով և արդեն Երևանում է։ Այս պատմության անունն է Հայկական հարց»։