Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Վաշինգտոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։
Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։
ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը:
Թեև այս լուրը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ՝ կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու:
Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով:
Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի:
Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք:
Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից:
Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։
Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին:
Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները:
Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը:
Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալները է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար:
Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ:
Հայ- ադրբեջանական, հայ- թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ:
Հիմա, Վաշինգտոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով՝ Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ:
Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան:
Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն:
Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության:
Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության:
Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո:
Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո, ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը:
Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը:
Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:
«Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ինչ-որ հաշվարկների մասին. - «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ և օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»:
Արդյո՞ք մեր հասարակությունը կդիմադրի այս սցենարին, թե՞ մենք հույսներս դրել ենք Փաշինյանի քաղաքականությանը ռուսական հակազդեցության վրա, որն, ի դեպ, դարձյալ վտանգավոր սցենար է Հայաստանի համար»,-գրել է Սուրենյանցը