Ալիև. Ադրբեջանին երկաթուղու կառուցման համար կպահանջվեր մեկ տարի, իսկ Հայաստանին՝ մի քանի


Ալիև. Ադրբեջանին երկաթուղու կառուցման համար կպահանջվեր մեկ տարի, իսկ Հայաստանին՝ մի քանի
Օգոստոս 27 23:22 2025

«Զանգեզուրի միջանցքը կդառնա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային երթուղի», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք ունեն համապատասխան ներուժ, ձգտում են դառնալ տարանցիկ երկրներ։

«Այսօր Միջին միջանցքը, ավելի ճիշտ՝ դրա մեկ ճյուղը, սկսվում է Ասիայում և անցնում Կասպից ծովի, Ադրբեջանի, ապա Վրաստանի տարածքով՝ հետագայում Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև Վրաստանի ծովային նավահանգիստներ։ Սա Ասիայի և Եվրոպայի կապի միակ ճանապարհն է Ադրբեջանի տարածքով։ Այսպիսով, Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված TRIPP-ը, կդառնա այլընտրանք։ Երկրորդ միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով։ Սա ձեռնտու կլինի հենց Հայաստանին։ Ես փորձեցի այս գաղափարը փոխանցել իմ հայ գործընկերոջը, որպեսզի վերջնական արդյունքում նրանք նույնպես դառնան տարանցիկ երկիր։ Բոլոր երկրները, որոնք ունեն համապատասխան ներուժ, ձգտում են դառնալ տարանցիկ։ Օրինակ՝ մենք նույնպես ուզում ենք լինել տարանցիկ երկիր։ Ուզում ենք, որ միջանցքները Ադրբեջանը հատեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ։ Հայաստանին, իր իրականացրած օկուպացիայի պատճառով, զրկել էին տարանցման հնարավորությունից։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքի շնորհիվ Հայաստանը կստանա տարանցիկ վճարներ բեռնափոխադրումների դիմաց», – հայտարարել է Ալիևը՝ ըստ 1 tv.ge-ի։

Ալիևի խոսքով՝ նա վստահ է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագիծը մոտ ապագայում կիրագործվի։ Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարությանը, Ադրբեջանի նախագահը նշել է, որ 42 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը շատ ժամանակ չպետք է պահանջի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին երկաթուղու կառուցման համար կպահանջվեր մեկ տարի, իսկ Հայաստանին՝ գուցե մի քանի տարի։