«Խորապես զարմացած ենք Փաշինյանի մեղադրանքներից Գարեգին Բ-ի հասցեին». Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդ


«Խորապես զարմացած ենք Փաշինյանի մեղադրանքներից Գարեգին Բ-ի հասցեին». Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդ
Հուլիս 5 12:26 2025

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

 

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը։ Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին։

 

Իշխանությունների և դատական համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում։ Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական։

 

Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին։ Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում։

 

Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ։ Առանց այն էլ երկիրը արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների։ Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում։

 

Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն։ Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։

 

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը՝ հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից՝ 2023 թվականին։

 

Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար»։