Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է


Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է
Հուլիս 5 10:47 2025

 

 

 

Հանրային տրամադրությունների ռադիկալիզացիա

 

Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։ Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։ Վախեցեք դրանից։

 

Սպառնալը, բռնելը, ԱԱԾ պադվալներ լցնելը, «մորթել-գյուլլելը», կալանքները, ոչնչացնելը, սատկացնելը դարձել են մեր կենցաղը, մեր առօյա ձևակերպումները։

 

Իհարկե, իշխանական լծակներով հնարավոր է մարդկանց լռեցնել, կյանքը թունավորել, բայց դա միայն ուժեղացնելու է արմատական տրամադրությունները։ Իհարկե, հնարավոր է թշնամանք ու ատելություն քարոզել, բայց դա միայն սրելու է մթնոլորտը, իհարկե, բոլոր կողմերից այլ բաներ կարելի է անել և ասել, բայց դա է´լ ավելի այլանդակ է դարձնելու մթնոլորտը։ Բոլոր այն ձևակերպումները, որոնք կան իրավապահների ձայնագրություններում, կան հարյուր-հազարավոր մարդկանց խոսակցական լեզվում։ Սա աննորմալություն է, այս վիճակը պետք է փոխվի, բայց սա իրավապահների խնդիրը չէ։ Սա քաղաքական-հանրային էլիտաների խնդիրն է, և իհարկե, իշխանությանը, որինն են ամենամեծ լծակները։ Բայց իշխանությունն անում է լրիվ հակառակը։

 

Տավուշից՝ Տաշիր. տրամադրությունների ռադիկալիզացիա

 

Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշն էր հանրային տրամադրությունների էպիկենտրոնում, այսօր՝ պայմանական ասած Տաշիրը։ Սա նշանակում է, որ ամբողջ երկրի մասշտաբով խոշոր սխալ կա։

 

Մեր երկրում կան հանրային տրամադրությունների արմատականացման օբյեկտիվ, 100 տոկոսանոց գործոններ՝ 5000զոհ, շատ ավելի մեծ թվով վիրավորներ, Արցախի կորուստ, անտուն մնացած 150 հազար արցախցիներ, Արցախում մնացած տասնյակ հազարավոր հարազատ շիրիմներ, տարածքային կորուստներ, և իհարկե՝ թշնամու անվերջ սպառնալիքներ։ Մենք 7 տարի է՝ ամեն օր ապրում ենք թշնամու՝ մեզ ոչնչացնելու սպառնալիքի տակ։ Սա արդեն հերիք է ցանկացած երկրում աննորմալ արմատական տրամադրություններ ստեղծելու համար։ Իսկ եթե սրան գումարվում է իշխանության ագրեսիան՝ աջուձախ չդադարող վիրավորանքներ, աջուձախ կալանքներ, քրեական գործեր, չնորմավորված լեքսիկոն, ապա մթնոլորտը դառնում է պայթյունավտանգ, որից որևէ մեկը չի շահելու, բայց բոլորով աղետի առաջ ենք կանգնելու։

 

Ժամանակի հերոսը

 

Այս աննորմալ, ագրեսիվ իրականությունը պետք է փոխվի։ Կա երկու ճանապարհ՝ ներքին և արտաքին։ Եթե ներքին ռեսուրսների հաշվին մենք դա չանենք, ապա դա անելու է թշնամին, որից հետո այլևս Հայաստանում շատ բան անիմաստ է լինելու։

 

Մոլեգնող այլանդակությունը կանգնեցնելու միակ ճանապարհը լայն հանրային երկխոսությունն է և ծրագրային մտածողությունը։ Հերոսությունը հիմա դա է։ Հակառակ դեպքում համընդհանուր աղետից չենք խուսափելու։ Գտնենք մեր մեջ ուժ և խոհեմություն՝ հասարակական երկխոսության։

 

Ո՞վ կարող է ներքին հանրային երկխոսության միջնորդ լինել, և հանրային ռադիկալիզացիայի մեղման դրոշակակիրը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լինել.

 

եկեղեցին

հեղինակավոր անհատները (անհատների խումբը), նույն՝ Սամվել Կարապետյանի նման դեմքերը։

արտաքին բարեկամ/միջնորդները

Երրորդ կետը մենք չունենք. մենք հասել ենք նրան, որ չունենք դաշնակից, և կամ մենք չենք ներկայացնում արդեն այն հետաքրքրությունը, որ մեզ համար լուրջ ջանք թափեն։

 

Սամվել Կարապետյանին բանտարկում ենք, և իշխանությունը էսէսական քարոզարշավ է սկսում նրա դեմ։ Որ ի՞նչ։ Որ հետո մարդ չլինի՞ հասարակության հետ խոսի։

 

Եկեղեցու դեմ իշխանական նեղ խումբը շարունակում է իր ագրեսիան։ Սա բերեց նրան, որ եկեղեցին և ժողովուրդը երբեք այսքան միակամ ու սերտ չեն եղել, քան հիմա։ Բայց, մյուս կողմից, այդ ագրեսիան թուլացնում է եկեղեցու հնարավորությունները՝ ներքին հաշտեցման, ներքին երկխոսության մոդերատորը լինելու։

 

Բա այդ դեպքում ո՞նց ենք պատկերացնում շարունակությունը։

 

Վահե Հովհաննիսյան

 

Այլընտրանքային նախագծեր խումբ