Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան։ Օրակարգում 4 հարց է՝ ընդդիմադիր երեք պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Մասնավորապես՝
Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, դուք հաշվի չեք առնելու երեք պատերազմներով անցած, Արցախի և Հայաստանի Զինված ուժերի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունն ու հարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական, ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի։ Բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը, վստահ եմ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չի մասնակցի»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ մինչ այս պահը որևէ փասաթուղթ չի ստացել Ս. Օհանյանի առողջական վիճակի հետ կապված և որևէ հիմք չունի նրա բացակայությունը հարգելի համարել։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրայամյանն ասաց. «Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու մեր գործընկերների ներկայացրած մոտեցումները, մենք էլ Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը չենք մասնակցելու»։
Այնուհետև Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը։ Ձայնը տվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Սիմոնյանը նշեց. «Եթե չեմ սխալվում, պարոն Արծվիկ Մինասյանի ու Սեյրան Օհանյանի գործերը գրեթե նույն գործն են, փաստացի բաց եք թողում պարոն Մինասյանի հետ կապված գործը»։
Մինասյանն արձագանքեց. «Ոչ»։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։
Ավելի վաղ ՀՀ դատախազությունը տարածել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդության հիմքերը, ըստ որենց.
«Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:
Բացի այդ, Սեյրան Օհանյանը, հիշյալ առանձնատան տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ՍՊ ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք։
Այնուհետև՝ Սեյրան Օհանյանը, վերոգրյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին:
Արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:
Բացի վերոգրյալը, Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները, որի հետևանքով չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ` 123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը:
Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս.Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը»