Ես երկու երկրի քաղաքացի եմ, օրենքը թույլ չի տալիս առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, հետո էլ ինքս ցանկություն չունեմ առաջադրվելու, ինձ չեմ տեսնում Ազգային ժողովում։ Բազմիցս շեշտել եմ՝ պաշտոնս վաստակավոր արտիստն է, իսկ աշխատավայրս՝ բեմը, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ եթե սատարում է «Քաղաքացիական պայմանագրին», ինչո՞ւ իր թեկնածությունն էլ չառաջադրեց, ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան։
Նա նշեց, որ 5 տարի շարունակ եղել է կարկառուն ընդդիմադիր և քննադատել է գործող իշխանությանը, պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Ես քաղաքականության մեջ վերցրեցի որոշակի «պաուզա», վերանայեցի իմ հայացքները, անցած ճանապարհը, ուղին։ Եվ երբ իշխանությունը բերեց խաղաղության օրակարգը, որոշեցի սատարել ՔՊ-ին, քանզի շատ կարևոր է խաղաղությունը։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում ուժեղ, երաշխավորված խաղաղություն։ Մենք ունեցել ենք Մինսկի խումբ, որտեղ ներգրավված էին հզոր երկրներ, սակայն այդպես էլ այդ խմբի գործունեութույնը չստացվեց, որպեսզի հասնենք խաղաղության»։
Ըստ նրա՝ այսօր խաղաղություն կարող է հաստատել Նիկոլ Փաշինյանը. «Խաղաղությունը շատ դժվար է։ Մեր տղաներն իրենց արյունը թափել են հանուն այդ խաղաղության, այլ ոչ թե հանուն վրեժի, որպեսզի նորից զոհվեն եղբայրներ, մարդիկ։ Հերիք է, այլևս պետք է հայի արյուն չթափվի։ Ես սատարում եմ խաղաղության օրակարգին և կանգնած եմ նրանց կողքին»։
Երգիչը հավելեց՝ և՛ որպես քաղաքական ուժի՝ «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար, և՛ որպես արտիս սատարում է ներկա իշխանություններին. «Կան ընդդիմադիրներ, որոնք հայտարարում են, որ չեն հավատում խաղաղության օրակարգին։ Դա իրենց կարծիքն է»։
Հացին՝ ինչո՞ւ իրենց կուսակցությունը չմիացավ ՔՊ-ին, որպեսզի իրար հետ մասնակցեն ընտրություններին՝ Մհեր Արմենիան պատասխանեց. «Մենք ունեինք փաստաթղթային որոշակի խնդիրներ, դրա համար չմասնակցեցինք, հայտ չներկայացրեցինք»։
Դիտարկմանը, թե նրան նաև քննադատում են, որ նախկին իշխանությունների հետ լավ հարաբերություններ է ունեցել, օգտվել է նրանց հովանավորչությունից, շատ մտերիմ է եղել լուսահոգի Ռիտա Սարգսյանի հետ, սակայն հիմա դավաճանել է իր անցած ուղին՝ ուրանալով ամեն ինչ, երգիչը պատասխանեց. «Ես չեմ հասկանում այդ մեկնաբանություններ գրողներին, ի՞նչ են ուզում այդ կնոջից։ Այդ կինը, ցավոք, մահացել է։ Տիկին Ռիտայի մասին ես կարող եմ ժամերով խոսել, նրա բարի, դրական մարդ տեսակի, նրա օգնող, հասնող տեսակի, նրան՝ մշակույթին նվիրված իր բարեգործություններ անող տեսակի մասին։ Ինչի՞ է մարդկանց թվում, որ Մհեր Արմենիան մոռացել կամ ուրացել, դավաճանել է տիկին Ռիտային։ Դրանք ինձ համար ուղղակի աբսուրդային խոսակցություններ են։ Կոչ եմ անում, որպեսզի մարդիկ դադարեն և հանգիստ թողնեն այդ կնոջ հոգին։ Մհեր Արմենիան ընդհանրապես ոչինչ չի մոռացել՝ թե երբ ինքը եկավ «Նոր ալիքից», թե երբ կայացավ, և տիկին Ռիտայի բոլոր բարեգործությունները թե՛ իմ հանդեպ, թե՛ մյուսների։ Չէ՞ որ տիկին Ռիտան միայն ինձ համար չէ բարի եղել, այլ՝ շատերի։ Մհեր Արմենիան ոչինչ չի մոռացել։ Մհեր Արմենիան նաև չի մոռանում, որ ինքը երբ ընդդիմադիր էր, որևէ այլ ընդդիմադիր գործիչ չկանգնեց իր կողքին»։
Հնարավո՞ր է դրանից է նեղվել և որոշել սատարել իշխանությանը՝ արձագանքեց. «Չէ, նեղվելու բան չկա։ Տեսակետի փոփոխությունը հասուն կարծիք է։ Ըդդիմադիր դաշտը պառակտված է»։
Նա նաև հավելեց, որ նախկին իշխանություններից մարդիկ կան, որոնց հետ մինչ այս օր էլ լավ հարաբերություններ ունի և շփվում է. «Նրանք գիտակից մարդիկ են։ Ինձ համար պարզապես աբսուրդ է, որ քաղաքական հայացքների պատճառով մարդիկ կարող են իրար հետ չշփվել»։










