Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը գրում է․
«Սանահինը՝ հայկական ճարտարապետության հոյակերտ կոթողներից մեկը, միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը, մեր աչքի առաջ կործանվում է։ Չնայած նրան, որ եկեղեցու տանիքը վերջերս (կարծեմ երկու անգամ) «վերանորոգվել» է, այնտեղ ամեն անձրևի ժամանակ անգամ եկեղեցու ներսում անձրևոցով է պետք կանգնել։ Անձրևաջրերը պատերի արանքով թափանցում են ներս և ավելի խարխլում առանց այն էլ խարխլված և վթարային շինությունները։ Անգամ անզեն աչքով երևում է, որ եկեղեցու արտաքին պատերի քարերը որքան են իրարից հեռացել, շատ տեղերում՝ ճաք տվել և առկա է փլուզման վտանգ։ Եվ սա՝ մեր օրերում, մեր աչքի առաջ, համատարած անտարբերության պայմաններում։ Ի դեպ, համալիրում իբր, «վերանորոգման» աշխատանքներ են ընթանում։ Մասնավորապես, Զաքարյանների դամբարանի տանիքը արդեն գրեթե երկու ամիս է քանդել են, հեռացրել հին երեսպատման սալիկները, կես շարք նոր սալիկներ ամրացրել և․․․ դադարեցրել աշխատանքը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում այսօր չորրորդ անգամ էի Սանահին այցելում, շինարարական նյութերը տեղում էին, բայց, ո՛չ աշխատողներ կային, ո՛չ գործն է տեղից շարժվում։
Իսկ առհասարակ Զաքարյանների դամբարանի վիճակն ուղղակի ողբերգական է։ Միջնադարյան Հայաստանի փառքը կերտած, ամենազորեղ տիրակալի դամբարանը․․․ ճաղերը ծռված, տապանաքարերը տեղահան եղած, ներսում՝ աղբ, անգամ՝ մոշի թուփ է աճում․․․
Թուրքը նման կերպ վարվեր՝ հիմա վայնասուն կդնեիք․․․
Նույն վիճակում է Հաղբատը, միայն այն տարբերությամբ, որ այստեղ վերանորոգման իմիտացիա անգամ չկա։ Բայց, անձրևաջրերը լցվում են եկեղեցու ներսը և խարխլում առանց այն էլ անմխիթար շինության վիճակը։
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Այս երկու հրաշալի կոթողները, որոնք մեր հայրենական ժառանգության մասն են կազմում, և վտանգված են, ո՞վ պետք է փրկի նրանց․․․
Եվ այստեղ խնդիրը միայն ոլորտի պատասխանատուների անտարբերության, հանցագործ անպատասխանատվության մեջ չէ։ Խնդիրը նաև ամեն հայի, առաջնահերթ՝ շարքային հավատացյալի մեջ է։ Ձեզ համար երևի, եկեղեցին միայն կեղծ բարեպաշտության թատրոն խաղալու, մոմ վառելու համար է։ Որևէ մեկդ մտածու՞մ եք ինչ որ կերպ, թեկուզ՝ բողոքելով հասնել խնդրի լուծման։ Չե՛ք մտածում։
Նույնը տուրիստական գործակալություններին է վերաբերվում։ Թե՞ մեր կոթողները միայն գումար աշխատելու հարթակ են։
Մասնավորապես․ բազմիցս բարձրաձայնել եմ Ախթալայի եկեղեցում մոմավառության հարցը։ Ձեր տուրիստների ամեն վառած մոմ փչացնում է 13-րդ դարի որմնանկարները։ Բազմիցս խոսել եմ այդ մասին, անգամ ֆեյսբուքյան տուրիստական խմբերում եմ գրառում արել, հորդորելով զբոսավարներին, տուրիստական ընկերություններին, որ խնդրեն տուրիստներին, պահանջեն այնտեղ մոմ չվառել այնքան ժամանակ, մինչ եկեղեցուց չհանեն մոմակալները։ Ու՞մ կասես․․․ Երևի վախենում եք «կլիենտ» կորցնել և շառից-փորձանքից հեռու մնալով՝ անտեսել եք։
Իմ տուրիստները լսելով հիմնավորումս՝ Ախթալայում մոմ չեն վառում։ Այս մասին խոսել եմ եկեղեցու նախկին քահանայի հետ, ստացել պատասխան, թե Աստծու համար վառած մոմը չի կարող մշակույթ փչացնել։ Ներկա քահանայի հետ էլ խոսել եմ, հորդորել, բայց՝ ու՞մ կասես։
Հա, չեմ մոռանում Արցախի հանձնման օրերին շատ տուրիստական ընկերությունների վարքագիծը՝ «Վերջին անգամ տեսնենք Դադիվանքը» խորագրով կազմակերպած տուրերը․․․ Անգամ ազգային ողբերգությունը փող աշխատելու միջոց է։ Հայրենիքը ձեզ համար փող քերելու միջոց է միայն։
Անտարբերություն, համատարած անտարբերություն ամեն ինչում։
Այս ամենը ո՛չ հոգևորականության հոգն է, ո՛չ իշխանությունների, ո՛չ հավատացյալ ժողովրդի։
Իսկ դրա փոխարեն, որևէ մեկը, անգամ ոչ իշխանամետ քննադատում է եկեղեցուն և այս երևույթները՝ ազգի թշնամի և նիկոլական է հռչակում հավատացյալ հոտը։
Եվ չփորձեք ձեր հոտային տրամաբանությամբ գրառումս համարել Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու փորձ։ Այս մասին բարձրաձայնել եմ բազմիցս, տարիներ ի վեր, բայց որևէ մեկդ որևէ կերպ չեք աջակցել խնդրի լուծմանը, անգամ՝ խնդրի բարձրաձայնելուն։ Ձեզ համար եկեղեցին միայն թատերական հրապարակ է, ուր կեղծ բարեպաշտի դիմակով մոմ եք վառում և լուսանկարը համացանցում հրապարակում։
Հետևաբար․ եթե մեր այդ հոյակերտ կոթողները մի օր կկործանվեն, դրա մեջ տարերքին,․ ժամանակին չմեղադրեք, այլ՝ հավասարապես թե՛ իշխանություններին,մ թե՛ եկեղեցուն, թե՛ ինքներդ ձեզ՝ հավատացյալ հոտ հայոց․․․»։