ՀՀ-ում ազատ լինելու համար նախ պետք է հանցանք չգործել, իսկ գործելու դեպքում էլ գոնե զղջալ, որը կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք. Արսեն Թորոսյան


ՀՀ-ում ազատ լինելու համար նախ պետք է հանցանք չգործել, իսկ գործելու դեպքում էլ գոնե զղջալ, որը կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք. Արսեն Թորոսյան
Հունիս 30 14:31 2025

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է. «Երևանում հայտնվում են Սամվել Կարապետյանի նկարները՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վերտառությամբ։

 

Այս ակցիայի հեղինակներին թվում է, թե սրանով նրանք ուժ են ցուցադրում, ինչն իրականում տրամագծորեն հակառակն է։ Սա թուլության, կարելի է ասել՝ քաղաքական չգոյության մասին է։ Երբ դու այնքան հարուստ ես, որ ունես բազմաթիվ շենքեր, առևտրի կենտրոններ, փողոցներում գովազդային վահանակներ, բայց չունես գաղափարներ, որոնց հետևից կգան մարդիկ, սովորական մարդիկ, ոչ թե քո աշխատողների մի մասը, այն էլ ստիպողաբար։

 

Անցել են այն ժամանակները, որ մարդիկ պարզապես քո ճորտերն են և դու կարող ես հրամայելով հրապարակներ լցնել։ Հիմա հրապարակներ կարելի է լցնել միայն մտքով, որին մարդիկ կհավատան, որի իրականացման հույս ու ճանապարհ կտեսնեն, ոչ թե ստանդարտ՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան» ոճի տեքստերով, որ ամեն օր հրապարակվում են Սամվել Կարապետյանի անունից։

 

Եվ այո, փողի, այդ թվում շատ փողի առկայությունը ընդհանրապես չի երաշխավորում քաղաքական մտքի առկայություն, երբեմն նույնիսկ հակառակը, քանի որ կողքդ են հավաքվում մարդիկ, ովքեր այդ փողը քեզնից քերելու համար ինչ «գեղեցիկ հիմարություն» կհրամցնեն քեզ՝ որպես «հաղթանակի» բանալի։

 

Ի դեպ Հայաստանի Հանրապետությունում ազատ լինելու համար նախ պետք է հանցանք չգործել, իսկ գործելու դեպքում էլ գոնե զղջալ, որպեսզի դատարանը հաշվի առնի դա, որպես մեղմացուցիչ հանգամանք»։