Ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը. Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է Փաշինյանին


Ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը. Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է Փաշինյանին
Հունիս 30 14:18 2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը։

 

«Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։

 

Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։

 

Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։

 

Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։

 

Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։

 

Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։

 

Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին»,- հայտարարել է Տեր Վրթանեսը։