«Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է, եկեղեցին դարձրել եք ավազակների տեղ». Նիկոլ Փաշինյանին կուսակրոնության թեման հանգիստ չի տալիս


«Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է, եկեղեցին դարձրել եք ավազակների տեղ». Նիկոլ Փաշինյանին կուսակրոնության թեման հանգիստ չի տալիս
Հունիս 19 14:13 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե իրենք եկեղեցու դեմ չեն, այլ կանգնում են եկեղեցու սրբության սրբոցը՝ նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։

 

«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու՝ 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է. ժողովը սահմանեց՝ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն», - ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

 

Վարչապետը նշեց, որ կուսակրոնները պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, մոռանան ամուսնության մասին։

 

«Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն»,- ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ «մոմի գործի նայող»-ը կաթողիկոսի եղբոր տղան է։

 

«Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, էն մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է, ու այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից ու մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, այլ՝ պայքարում ենք եկեղեցու արժեքների ու նվիրապետության համար»,- վստահեցրեց եկեղեցին թիրախավորած Փաշինյանը։

 

Նա հարց բարձրարեց՝ «բա այդ մադրիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր չեն խախտել իրենց ուխտը»։

 

«Ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել՝ հրահանգ տալ ամուսնացյալ քահանային, ո՞նց կարան կուսակրոնության ուխտը խախտածն ու Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկն ամուսնացյալ քահանաներին հրաման տան ու գերակա դիրք զբաղեցնեն, դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես՝ անում են, հետո էլ գալիս, բարոյական իշխանություն են կիրառում»,- ասաց Փաշինյանը։

 

Ելույթի կեսից նա սկսեց հունից դուրա գալ, հայտարարեց, թե Սրբազան Հայրերը «պղծել են եկեղեցին»։

 

«Եկեղեցին դարձրել եք ավազակների տեղ»,- ասաց նա։