«Շանթ» ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ


«Շանթ» ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ
Հունիս 26 22:08 2026

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նրա դեմ, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։

 

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։ Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։ Նիստն ընթանում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

 

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը «Շանթի Յուրայից» հետաքրքրվեց` արդյոք սպառնալիքների ներքո է շուրջ 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստաընկերության (խոսքը «Երևան» հեռուստաընկերության մասին է – խմբ.) 50% բաժնեմասը տվել Աղվան Հովսեփյանի որդուն։ Դատախազը նաև շեշտեց, որ նախորդ նիստի ընթացքում է Ղարիբյանը սպառնալիքների մասին է խոսել։

«Շինծու գործեր են եղել այդ ժամանակ իմ ստեղծած գույքը հափշտակելու համար։ Այդ ամենը հիմնականում արվել է Մանվել Ղարիբյանի (Շանթ Ղարիբյանի եղբայրն է, որի հետ վատ հարաբերություններ ունի – խմբ.) կողմից Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։ Մտավախություն, վախ ունեցել եմ, որ ինձ կարող են կալանավորել, դատել։ Հեռուստաընկերության վաճառքի ժամանակ արդեն իմ դեմ քրեական գործեր եղել են` 2007 թվականից սկսած»,– ասաց Ղարիբյանը։

Ընդգծեց այդ ժամանակ, այնուամենայնիվ, ամբաստանյալի կարգավիճակ չի ունեցել։ Գործարարը շեշտեց, որ Հովսեփյանը ոչ մի անգամ հեռուստաընկերություն չի այցելել, որևէ գործողություն, ներդրումներ նույնպես չի արել։ Վստահեցրեց բոլոր ներդրումները միայն ինքն է արել, դրա վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերն ու կտրոններն էլ մինչ օրս պահել է։

Աղվան Հովսեփյանը հայտարարեց մեղքը չի ընդունում։ Նշեց, որ հանրային դատախազներն անընդհատ ուղղորդող հարցեր են տալիս վկային ինչ–որ դիտավորություն ապացուցելու համար։

«Հանրային մեղադրողները վկային հարցեր են տալիս ոչ թե ինձ հետ կապված ինչ–որ հանգամանքներ կամ փաստեր բացահայտելու համար, այլ իրենց պատկերացրած երևույթին համապատասխանեցնելու համար։ Վկան երբևէ չի ասել, որ իրեն սպառնացել եմ, բայց հարց են տալիս` «երբ սպառնացել է ձեզ» արտահայտությամբ»,– ասաց Հովսեփյանը։

Սերոբյանը պարզաբանեց թե ինչու են «սպառնալ» արտահայտությունը նշել։ Ընդգծեց վկան մի քանի անգամ հայտարարել է, որ հարկադրված է եղել 50% բաժնեմասը վաճառել, հետո էլ կրկին հարկադրված վաճառքի գումարի 50%–ը տվել Աղվան Հովսեփյանին։

Ղարիբյանը շեշտեց, որ այն ժամանակ մտերիմ է եղել Հովսեփյանի հետ, ու այդ գործարքի ժամանակ ուղիղ սպառնալիք չի եղել, բայց այնպիսի կեցվածք է եղել ու այնպիսի մթնոլորտ, որ ինքը դա որպես սպառնալիք է ընկալել։ Նշեց, թե այդ ժամանակ կարծել է, որ Հովսեփյանի ասածը չանելու դեպքում կարող է խնդիր ունենալ։

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու մեջ: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։

Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

2022 թվականի օգոստոսի 11-ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվեց։ Նա ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրության դիմաց։