Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ եկեղեցու հետ կապված գործընթացներն ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։
«Մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին, ասել ենք՝ երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է պատրաստ լինի, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարությունյանը պնդեց, թե իրենք անձնական կյանքին չեն միջամտում, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում՝ կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ։
«Հարցերը շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյո՞ք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալու են իրենց պատասխանները»,- նշեց նա։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, թե այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ։
Հարությունյանը չասաց, թե որ Սրբազանին նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը հայհոյախառն հայտարարություն անելիս, նշեց՝ չգիտի, չի էլ ուզում որևէ մեկի անձնական կյանքին խառնվել։
«Իմ գործընկերները՝ հազար, ես հազար ու մեկ անգամ կասեմ՝ եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա»,- ասաց նա։