ՀՀ Ազգային արխիվից նյութեր են փոխանցվալ ադրբեջանական հետախուզությանը


ՀՀ Ազգային արխիվից նյութեր են փոխանցվալ ադրբեջանական հետախուզությանը
Հունիս 4 23:24 2025

ԶԼՄ-ներով տեղեկություններ  էր տարածվել, ըստ որոնց ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար։

Ազգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով, սակայն իրավապահները չեն հստակեցնում՝ որ ժամանակաշրջանում են փոխանցվել այդ նյութերը և ինչ նյութերի մասին է խոսքը։

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին քրեական վարույթի առկայությունը։

«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով»,- հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել եւ չի կալանավորվել։ Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է վարույթը նախաձեռնվել, երբ և ինչ նյութեր են  փոխանցվել Ադրբեջանին։