Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողություններին, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին. ԱԳ փոխնախարար


Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողություններին, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին. ԱԳ փոխնախարար
Հունիս 2 11:23 2025

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը․ Գորիս քաղաքում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

«Բարձր ենք գնահատում նաև երկկողմ և եվրոպական ձևաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի օժանդակությունը ՀՀ պաշտպանական կարողություններին և ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին»,-ասաց նա։

 

Փոխնախարարը բնական և սպասելի է համարում Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը. «Հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը»։

 

Կոստանյանը շեշտեց, որ Սյունքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ. «Որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի, նաև լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահամանների փոխարեն՝ դարպասները, սպառնալիքների փոխարեն՝ փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Սա է առաջ շարժվելու մեր տեսլականը, և այս միջոցառումը Սյունքիում դրա վառ վկայությունն է»,-ասաց նա։