Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի պահվածքը. Աղազարյան


Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի պահվածքը. Աղազարյան
Մայիս 31 15:45 2025

Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ( չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացնեմ) պահվածքը։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Էդգար Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30ի դրությամբ Ազգային Ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։

Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներ հայտարարեցին,որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը` Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։

Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպինչմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսացած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին։