Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների թիրախում հիմնականում երեք գյուղ է՝ Արավուսը, Խոզնավարը, Խնածախը։ Մարտի 20-ից սկսած այս գյուղերի բնակիչների համար թշնամու կրակոցները դարձել են գյուղական առօրյայի անբաժան մասը։
«Կրակոցները Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ սկսվել են մարտի 20-ից, նոր չեն», – «Փաստինֆո»-ին պատմեց Խոզնավարի բնակիչը՝ ավելացնելով, որ այդ օրերին կրակոցներն ավելի ինտենսիվ էին, բայց մինչև մարտի 24-25-ը պաշտոնական աղբյուրները լռում էին, տեղեկություն չէին տրամադրում։
Նրա փոխանցմամբ՝ կրակոցներն արձակվում են Արավուսի, Խոզնավարի, Խնածախի ուղղությամբ՝ գրեթե ամեն օր։ Միակ բացառությունը եղել է ապրիլի 2-ը, երբ Ադրբեջանում էր Գերմանիայի նախագահը։
Խոզնավարի բնակիչը հիշում է, որ մայիսի 17-ին ևս Խոզնավարի ուղղությամբ չեն կրակել, սակայն կրակել են Խնածախի ուղղությամբ։ Իսկ մայիսի 17-ից հետո սկսել են գիշերային կրակոցները՝ ժամը 04:00-ից մինչև 05:30, լուսադեմ։ «Այս երկու օրը կրակում են հենց գյուղի կենտրոնական տների ուղղությամբ։ Գրեթե տուն չկա, որ վնասված չլինի։ Ոչխար են սպանել, մինչ այդ երկու արևային ջրատաքացուցիչ են կոտրել, մեկի արևային հոսանքի պանելն են վնասել, բազմաթիվ տների պատուհաններ են կոտրվել։ Երեկ 90-ն անց կնոջ տուն էին վնասել։ Խոսեցի իր հետ՝ համոզում էի, որ գնա իր հարազատների տուն, դուրս գա գյուղից, բայց լաց էր լինում, ասում էր՝ չի ուզում, ինչ լինում է, թող լինի։ Անգամ գյուղի ամենավերին թաղամասի բակում կանգնած՝ գլխներիս վրայով գնդակներն անցնում էին սուլոցով։ Հարևանը խոտի պահեստ ունի. մի գնդակ էլ դրա ժեշտին է կպել, կրակոցի զնգոցը լսեցինք», – պատմեց բնակիչը՝ մտահոգ ավելացնելով, որ այդքանից հետո իշխանությունների ներկայացուցիչներից գալիս են, գյուղից մի-երկու հոգի, օճառներն առած պտտվում են նրանց հետ ու ասում, թե՝ ամեն ինչ լավ է։
Բնակիչը նկատում է՝ եթե Արցախն Ադրբեջանի տարածք համարեցին ու հանձնեցին, ապա վաղը կարող են նաև Սյունիքը հանձնել։
«Իրեն ինչ, Սյունիքն էլ կտա», – ասաց «Փաստինֆո»-ի զրուցակիցը՝ ավելացնելով, որ գյուղի կենտրոնական մասի ուղղությամբ կրակելու համար ադրբեջանցիները պետք է փոքր-ինչ առաջանան իրենց ներկայումս զբաղեցրած դիրքերից, ինչը մտահոգիչ է։
Արավուսի ուղղությամբ կրակել սկսել են ապրիլի 3-ից։ Մարտի երկրորդ տասնօրյակում, ինչպես նշեց սյունեցին, միայն երկու գյուղի վրա են կրակել։
«Ապրիլի 3-ին սարսափելի վիճակ էր։ Սպասում էինք, որ կհարձակվեն։ Անօդաչուներ էին դուրս բերել։ Գիշերը՝ ժամը 23:00-ից 00:00-ն, մեր տարածքի վերին հատվածը պատերազմական իրավիճակ էր։ Կրակոցների քանակն էլ էր շատ, զինատեսակներն էլ տարբեր էին՝ ավտոմատ, գնդացիր, տարբեր տրամաչափի զենքեր էին օգտագործում։ Հասկանում ենք, որ իրենց հիմնական նպատակն է՝ բնակիչները թողնեն գյուղը և դուրս գան», – ընդգծեց նա։
Նա հավելեց, որ Խոզնավարը հիանալի դրախտավայր է, գեղեցիկ տարածք, բայց հիմա երեք կողմից շրջափակման մեջ է։
«Սև լիճը, որ գրավեցին, այդ ժամանակվանից մեր մի ճանապարհը փակվեց։ Գյուղը Սև լճի ներքևում է։ Գոնե այս վերին հատվածը, որ քիթները չմտցնեին, մենք ճանապարհ կունենայինք։ Աստված չանի, որ ռազմական գործողություն սկսվի՝ բոլորին կկոտորեն ձորի մեջ, որովհետև 2022 թ.-ին, երբ մի պահ ռազմական գործողություններ սկսեցին, ոչ ոք չկարողացավ երեխա դուրս բերել», – արձանագրեց Խոզնավար գյուղի բնակիչը՝ ընդգծելով, որ լռելն արդեն անհնար է․ որքան լռում են, այնքան խնդիրը սրվում է։
Բնակչի անունը չենք հրապարակում՝ նրա իսկ շահերից ելնելով, քանի որ իշխանությունները փորձում են ճնշման տարբեր մեթոդներ կիրառել՝ բնակիչներին լռեցնելու և իրականությունը հասարակությունից գաղտնի պահելու համար։