Փաշինյանի գրառումն անհարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանություն է, իրավապահները մեղմ գրառումների հետևից են գնում. Խաչատրյան


Փաշինյանի գրառումն անհարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանություն է, իրավապահները մեղմ գրառումների հետևից են գնում. Խաչատրյան
Մայիս 30 15:21 2025

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին սկանդալային ու ոչ կոռեկտ գրառմանը։

 

«Այդ գրառումն անհարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ: Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության և խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին»,-ասաց նա։

 

Ըստ Խաչատրյանի՝ առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն: «Դրանից բացի, իրավապահ մարմինները, որ ավելի շատ մեղմ գրառումների հետևից են գնում, քրեական գործեր հարուցում, մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, անելու բան ունեն, ինչպես նաև՝ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առաջ որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշեն»,- ասաց նա: