«Սքեմավոր առ սքեմավոր». Նիկոլ-Աննա զույգը կանխամտածված ձեւով քննության տակ են դնում եկեղեցու բարոյական վարկանիշը


«Սքեմավոր առ սքեմավոր». Նիկոլ-Աննա զույգը կանխամտածված ձեւով քննության տակ են դնում եկեղեցու բարոյական վարկանիշը
Մայիս 30 13:34 2025

Կառավարության նիստում Փաշինյանի կրակոտ ելույթը՝ եկեղեցին «չուլանների» վերածելու գռեհիկ կոնտեքստով, երեկվա հանրային պարսավանքից հետո ակնկալվում էր, որ գոնե այսօր Փաշինյանը մի նոր ելույթով կամ գրառմամբ կմեղմեր ժողովրդի արդար ցասումը՝ «ինձ սխալ եք հասկացել ոճի մեջ», ինչպես սովորաբար լինում է։ Սակայն այսօրվա նրա ֆեյսբուքյան «բարի լույսը» ճիշտն ասած ավելի ապշեցնող ու զայրացնող էր։ Փաշինյանի, այնուհետ նրա տիկնոջ մեկը մեկին հաջորդող սկանդալային գրառումները՝ սքեմավորների «արատավոր» կենցաղի, հարազատների հետ սեռական կապերի, «մանկապղծության, մոլագար այլասերվածությունների մասին», տպավորություն է թողնում, որ երկրի թիվ մեկ պետական դեմքը եւ նրա կինը վաղ առավոտից հեռախոսով ներքաշվել են մի անկյունում եւ իրար հետ պայմանավորվելով, իրար պաս տալով՝ գրում ու գրում են, պախարակում ու պախարակում են․․․

Այն որ քաղաքական խոսույթն ու լեզվամտածողությունը, ցենզուրան վաղուց արդեն այլասերվել է, վերածվել է գռեհիկ այլաբանության, եւ այս մարդն արդեն բոլոր հնարավոր միջոցներով պղծել ու վարկաբեկել է վարչապետի ինստիտուտն ու կոստյումը, սա բացահայտ անքննելի իրողություն է, սակայն հարց է մնում, թե մինչեւ ե՞րբ է նրան ընտրած ժողովուրդը հանդուրժելու «անստանդարտ» այդ արարածներին, որոնք իրենք իրենց պղծելուց զատ, նաեւ մեզ, մեր ազգային արժեքները, ինստիտուտները, նկարագիրն ու պետական վարքն են այլանդակում ու ոչնչացնում։

Եթե խոսենք դրդապատճառների մասին, ապա Նիկոլն այսպիսով փորձում է «օրինականացնե՞լ» Մարզահամերգայինում հարսանիքներ կազմակերպելու ավանդույթը, թե սա առիթ էր քաղաքականապես հակոտնյա հեգեւորականներին պախարակելու։ Ինչ խոսք, մի օր էլ թանգարանները, Մատենադարանը կարող են «հարսանիքի զալի տակ դնել», Օպերայի շենքը, ինչու չէ՝ Ազգային ժողովը․․․Ի վերջո Խորհրդարանը ինչո՞ւ կարող է փողոցային ռազբոռկաներ ու բազարներ ընդունել, բայց օրինակ հարսանիք ու կենացներ չընդունել։ Միեւնույն է, վաղուց արդեն «ոչ ստանդարտ» այս մարդիկ խեղել ու այլափոխել են ամեն ինչ՝ արժեքներ, ինստիտուտներ, ազգային ու մշակութային ինքնություն ներկայացնող սիմվոլներ․․․

 

Մյուս կողմից, պախարակել հոգեւոր դասին՝ հավաքական կերպարի մեջ, ամբողջությամբ վարկաբեկել, արժեզրկել ու փչացնել եկեղեցու ինստիտուտը։ Ինչու՞․․․Որովհետեւ չեն պաշտպանում եւ չե՞ն կիսում քաղաքական իր գիծը։

 

Քաղաքական հակոտնյա ուժերին հոշոտելու ճանապարհին, Փաշինյանը մոռացել է, որ «Հեղափոխական ալիքի վրա վարչապետ է դարձել կոռուպցիայի դեմ պայքարելու, 50/50-ի ինստիտուտը վերացնելու, իրավապահ համակարգի վեթթինգ իրականացնելու, պետական կառավարման համակարգեր ու ինստիտուտներ կառուցելու խոստումներով, ոչ թե այդ եղած ինստիտուտներն ու արժեքները բարոյազրկելու ու այլանդակելու համար։ Եւ եթե ժամանակին օդում կախված լուրերով՝ նա հայտարարում էր «փայ մտնելու», «50/50-ի» մասին եւ պետական մի ամբողջ կառավարման համակարգի մեղսագրում կոռուպցիայի ու թալանի ակունքներում ներքաշված լինելու մեջ, ապա հիմա նա առավել վտանգավոր կետի է հասել «Կոպեկ առ կոպեկ», «քյաբաբ առ քյաբաբ» -ը փոխարինելով «սքեմավոր առ սքեմավոր» կարգախոսի։ Նա հիմա արդեն առաջին քրիստոնյա ազգի, այդ ազգի կրոնական սերուցքի բարոյական ու ազգային արժեհամակարգին է հասել։

Նրա եւ կողակցի հայտարարությունները առավել վտանգավոր են, քան պատկերացնում ենք։ Դժվար է հիմա նույնիսկ երեւակայել, օրինակ թշնամիական երկրների, մասնավորապես Ադրբեջանի հոգեւորական առաջնորդները հնարավորություն ունեի՞ն ավելի դաժանորեն ծաղրել ու թիրախավորել հայ առաքելական եկեղեցին, քան արեց դա հայտնի զույգը։ Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու առանձին հոգեւորականների, որոնց հետ տարիներ շարունակ տարբեր որակումներ ու անընդունելի պիտակումներ են կապվել, հայ Առաքելական եկեղեցին, որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի հոգեւոր կառույց, երբեւէ նման կերպ չի թիրախավորվել ու վարկաբեկվել, ապա կարելի է ասել, որ Նիկոլ-Աննա զույգը կանխամտածված ձեւով քննության տակ են դնում եկեղեցու բարոյական վարկանիշը։

 

Սա քաղաքական ու իրավական հետեւանք չի կարող չունենալ։ Քաղաքական հետեւանքն այն է, որ հերթական անգամ մխսվում է երկրի կայացած ինստիտուտներից մեկը, նրա հեղինակությունը, միջազգային, միջքրիստոնեական ու կրոնական վարկանիշը։ Եւ եկեղեցու հետ նաեւ մեր ազգային բարոյական ինքնությունն ու նկարագիրն է պղծվում, որովհետեւ եկեղեցին դա մենք ենք, ոչ թե վեհափառը, կամ սրբազանները։ Եւ եկեղեցին մեր ազգային բարոյականության արժեքների ամբողջությունն ու արժեհամակարգն է։

 

Ինչ մնում է իրավական հետեւանքներին, ապա այն եւս կարեւոր է։ Որովհետեւ մարդիկ խոսում են կոնկրետ հանցագործությունների մասին։ Մանկապղծությունը, մոլագարությունը, հոգեւոր արժեքները վնասելը քրեորեն պատժելի արաքներ են։ Ստատուսագիրները պետք է հայտնվեն դատարաններում ու կոնկրետ անվանական պատմեն մանկապղծության քանի դեպք գիտեն, որտեղի՞ց գիտեն ու ի՞նչ գիտեն, ինչու՞ էին մինչեւ հիմա լռում։ Մանկապղծությունը հայ ժողովրդի արժեքային համակարգի հետ երբեւէ չհամատեղվող, սարսափելի հանցագործություն է։ Այլապես, օդում կախված լուրերով՝ երկիրն ու պետությունը ոչ մի կերպ չեն կառավարվում, քանդվում են ու արդեն փուլ գալիս։