SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ի ժամը 07։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
