Թող սահմանվեն հավասար պայմաններ. Անհատ բեռնափոխադրողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում


Թող սահմանվեն հավասար պայմաններ. Անհատ բեռնափոխադրողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Մայիս 27 15:10 2025

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում մի քանի բեռնափոխադրող անհատ ձեռներեցներ՝ բողոքելով անտեսված լինելուց։ Նրանք խնդրի վրա են հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը։

Ինչպես ներկայացրեցին ակցիայի մսնակիցները, թե հայ, թե օտարազգի գործարարները խուսափում են հայ բեռնափոխադրողների միջոցով բեռները տեղափոխելուց։

«Մեր ցանկությունն այն է, որ պարոն վարչապետի հետ հանդիպենք, ներկայցնենք, ինչ է, ոնց է։ Եթե այլազգիները պիտի գան մտնեն մեր երկիր, մենք էլ կանգնած մնանք, ճամփա կփակենք»,-ասաց նրանցից մեկը։

Ակցիայի մյուս մասնակիցը մանրամասնեց, խոսքը վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին։ Իրենք անհատ ձեռներեցներ են, վարկային միջոցներով գնել են բեռնատար մեքենաներ՝ հույս ունենալով ներմուծողների և արտահանողների բեռները տեղափոխել գումարի դիմաց։

Հիմա, ըստ նրանց ներկայացրածի, շուկայում անհավասար պայքար է անհատ ձեռներեցների ու օտարերկրյա բեռնափոխադրող ընկերությունների միջև։

«Մենք բեռի տիրոջն առաջարկում ենք, օրինակ, 2500 դոլար, վրացին առաջարկում է 2300 դոլար, քանի որ նա Հայաստանում հարկային, վարկային պարտավորություններ չունի։ Դրա համար մենք առաջարկում ենք, որ սահմանվեն հավասար պայմաններ, պատվիրատուն էլ որոշի, թե ում մեքենայով է բեռը ցանկանում տեղափոխել»,-ասաց ակցիայի մասանկիցը։

Նրանք այսօր ակնկալում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներկայացնելու խնդիրը, առաջարկելու իրենց պատկերացրած լուծումները։