Այն, ինչ այսօր տեղի է ունենում, նորմալ է, եթե ցանկություն լիներ, ամբողջ արևմտամետերն այսօր ՀՀ-ում կլինեին իշխանության, մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և ՀՀ օրակարգն ենք սպասարկում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը պնդեց, որ չի կարելի մի ծայրահեղությունից մի այլ ծայրահեղության գնալ.«Այն խնդիրները, հարցերը, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դրանք օրակարգից դուրս չեն եկել, թե այնուամենայնիվ ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, ինչու՞ է ՀԱՊԿ-ը քաղաքական առումով իրեն հեռու պահել, շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Ճանապարհը հետևյալն է՝ այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգի, տնտեսության համար այլ տարբերակներ փնտրել։ Լավ բան չի երկիրը մի խողովակից կախելը, կարևոր չէ՝ դա որ ճանապարհն է»։
Խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ Մոսկվան իր օրակարգն ունի, Երևանը՝ իր.
«Հանդիպումները, խոսակցությունները հենց դրա մասին են։ Մեր միակ նպատակը հայկական շահը սպասարկելն է»։
Հարցին՝ հնարավո՞ր է միաժամանակ երկու աթոռի վրա նստել՝ Սիմոնյանը պատասխանեց.«Այ ամբողջ խնդիրն այն է, որ որոշ մարդիկ անընդհատ փորձում են ինչ-որ աթոռների վրա նստել, կամ այդ աթոռները վերադարձնել ու էլի նստել։ Չեն նստելու էդ աթոռների վրա, իրենք նստելու են բանտում, դա ժամանակի հարց է ընդամենը։
Կարո՞ղ եք աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր ասել, որ ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Այդպիսի երկրները քաղաքական առումով դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ»։